Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները հնարավոր է կայանան մայիսի 16-ին՝ Վիեննայում։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ եթե հանդիպումը կայանա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները կմասնակցեն հանդիպմանը։
Независимая газета-ում Յուրի Ռոքսը գրել է. «Փորձագետների հաղորդմամբ՝ բանակցությունները չափազանց կարևոր են, ունակ են նվազեցնելու Բաքվի և Երևանի միջև լարվածության աստիճանը. Ղարաբաղյան հակամարտությունն ընդլայնվում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ ներառյալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի զինուժին մեղադրել է Նախիջևանի դիրքերի ուղղությամբ կրակելու համար, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Յուսուֆ Գուլուզադեն։ Երևանը չի ընդունել այդ մեղադրանքը, հիշեցնելով, որ դեռևս մայիսի սկզբին է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Նախիջևանի ու Հայաստանի սահմանին ադրբեջական զինտեխնիկայի կուտակումների վրա։
Նախկինի պես մտահոգիչ է հակամարտող կողմերի շփման գծում իրավիճակը։
Իրադրությունն այնքան կրիտիկական չէ, որքան ապրիլի սկզբին, սակայն հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվում է։ Կողմերը միմյանց են մեղադրում ամենօրյա հարյուրավոր կրակոցների համար, իրենց զինծառայողներին վիրավորելու և անգամ՝ զոհերի համար։ Նման աննախադեպ ծանր ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որ հակամարտող կողմերի բարձր մակարդակով հանդիպումն անհրաժեշտ է հնարավորինս արագ անցկացնել, ավելի քան օրինաչափ է։
«Եկել է ժամանակը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման համար... բռնության վերջին բռնկման լույսի ներքո և հաշվի առնելով շփման գծում լարվածության անհապաղ թուլացման անհրաժեշտությունը՝ մեր արտգործնախարարները պատրաստ են օժանդակել հաջորդ շաբաթ Վիեննայում նման հանդիպման անցկացմանը։ Նրանց հիմնական նպատակը հրադադարի ռեժիմի ամրապնդումն ու վստահության միջոցառումների հարցով համաձայնության հասնելն է, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների վերսկսման և համապարփակ կարգավորման համար՝ քննարկվող սկզբունքների ու տարրերի հիման վրա։ Մենք վերահաստատում ենք, որ հակամարտությանը ռազմական լուծում լինել չի կարող»,- ասված է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրական է գնահատել Ալիևի և Սարգսյանի հնարավոր հանդիպման հաղորդագրությունները։ «Մոսկվայում ողջունելու են ցանկացած գործողություն, որը կնպաստի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, արժեք կունենա տարածաշրջանում լարվածության թուլացման համար և կվերադարձնի երկխոսության՝ քաղաքական կարգավորման տարբերակներ գտնելու համար»,- ասել է նա՝ խոստովանելով, որ ավելի ճշգրիտ տվյալներ չունի, թե կկայանա՞ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը։ Սարգսյան-Ալիև բանակցությունների հավանականությունը չի ժխտում նաև Երևանը։ Այստեղ ևս այդ մասին անորոշ են խոսում։ «Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի նախագահի հնարավոր հանդիպման մասին կհաղորդվի պատշաճ ժամկետներում»,- հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։ Նման կերպ է արտահայտվել նաև պաշտոնական Բաքուն։ Զգուշավորությունը, որը ցուցաբերում են պատասխանատու անձինք հակամարտող երկրների ղեկավարների հանդիպման հարցը մեկնաբանելիս, հնարավոր է՝ պայմանավորված է ոչ միայն բարդ իրադրությամբ, այլև այն հանգամանքով, որ թե Ալիևը, թե Սարգսյանը վերջին շրջանում բազմիցս ընդգծել են, որ աննպատակ բանակցություններ չեն վարելու, սակայն պատրաստ են հակամարտության կարգավորման կոնկրետ գործողություններ քննարկելու։
Կողմերից կոնկրետ գործողություններ սպասելը կամ հասնելը չափազանց դժվար է։ Բաքվի և Երևանի տեսակետները շարունակում են տարբեր մնալ հիմնական հարցի շուրջ. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Ադրբեջանը հակամարտության կարգավորումը տեսնում է տարածքային ամբողջականության վերականգնման, իսկ Հայաստանը՝ ԼՂՀ-ի ինքնիշխանության ճանաչման շրջանակներում»։